27/08/2015 13:35
Սպանություն Պտղնիում. 34-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածում են համագյուղացուն
Այսօր առավոտյան Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել 34 տարեկան մահացած տղամարդու դի: Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ երիտասարդը վնասվածքն ստացել է կրծքավանադակի հատվածում հրազենից արձակված կրակոցից և, ըստ տեղեկությունների, նրան հիվանդանոց է տեղափոխել եղբայրը:
Նախնական տեղեկություններով՝ սպանվածը Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 34-ամյա Արսեն Ազիզյանն է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Ազիզյանը մահացու հրազենային վնասվածքը ստացել է Պտղնի գյուղի Հրազդան գետի ափին գտնվող ու իրեն պատկանող ձկնաբուծարանի տարածքում, երբ անհայտ անձը ավտոմատից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:
Դեպքի վայրից հայտնաբերվել են արյան հետքեր, որոնք սպանության վայրից ձգվում են մոտ 60 մետր մինչև ձկնաբուծարանի տարածքում տեղադրված վագոն-տնակ: Քննիչները փորձագետի հետ դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերելեն որսորդական մեկփողանի հրացան, 2 կրակված պարկուճ:
Ֆոտոլրագրողը հայտնում է , որ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով արդեն բացահայտել են հանցագործությունը, և այս պահին կասկածյալը՝ Պտղնի գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Բաղդասարյանն է, ով ոստիկաններին և քննիչներին՝ ընթերակաների ներկայությամբ մատնացույց է արել այն վայրը, որտեղ թաքցրել է հանցագործության գործիք հանդիսացող ավտոմատը՝ ալյուրի պարկի մեջ, որտեղ եղել են նաև մեծ թվով փամփուշտներ:
Նախնական տեղեկություններով՝ շինությունը պատկանում է Պտղնիի գյուղապետի ազգականին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանվածն ամուսնացած էր և խնամքի տակ ուներ 2 անչափահաս աղջիկներ:
Մանրամասները՝ սզկբնաղբյուր կայքում: