27/08/2015 19:00
Սաֆարյան. Վտանգը նախագահական նստավայր գնալ-չգնալը չէ, այլ քաղաքական ուժի անսկզբունքայնությունը
ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը facebook-յան իր էջում անդրադարձել է օրակարգային դարձած հարցին՝ ընդունել, թե չընդունել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների հրավերը.
«Սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ նախագահական նստավայր գնալ-չգնալու հարցը աներկբայորեն կապված է այդ փոփոխությունների հանդեպ քաղաքական ուժի` հիմնավոր/համոզիչ քաղաքական դիրքորոշում ունենալ-չունենալու հետ: Եթե քաղաքական ուժը կատեգորիկ դեմ է փոփոխություններին, ուրեմն Բաղրամյան-26 գնալ-չգնալու հարց չպետք է լինի:
Եթե «դեմ» է կամ «դեմ» է քվեարկելու/քարոզելու, բայց գնում է հանդիպման, ուրեմն դա ցիրկի կլոունություն անել է, իսկ քաղաքական առումով` ինքնասպանություն է: Եթե կողմ է, բայց սկզբից ևեթ չի մասնակցել փոփոխությունների մշակմանը, ու սոսկ գնում է նախագահական նկարվելու, ապա այդ ուժը միգուցե ամեն ինչ է, բայց քաղաքական չէ: Իրականում վտանգը նախագահական նստավայր գնալ-չգնալը կամ նկարվելը չէ, այլ քաղաքական ուժի անսկբունքայնությունը»: