28/08/2015 13:44
Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան ամրապնդում է իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ
Թուրքիայի ուժեղացող հարվածները Սիրիայում և քրդական հատվածում կապված են նաև այդ երկրում ներքին քաղաքական հարցերի հետ: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա ընդգծեց, որ այս հարցում լարվածությունն այժմը սկզբնական փուլում է, սակայն ունի ուժեղացման միտումներ:
Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան մխրճվում է մերձավորարևելյան խնդիրների մեջ, այդ ընթացքում ամրապնդելով իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:
«Թուրքիան ընդունել է ԱՄՆ-ի պահանջը՝ ներգրավվելու «Իսլամական պետության» դեմ պայքարում, տեղի է ունեցել գործարք, ինչը դարեր շարունակ հատուկ է այդ երկրին»,- ասաց թուրքագետը:
Ինչ վերաբերում է հարևան երկրի ներքաղաքական ճակատին, ապա, ըստ Սաֆրաստյանի, Թուրքիայի իշխանությունը փորձում է թուլացնել քրդական առաջատար ուժին.
«Հիմա ամեն բան արվում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դիրքերը թուլացնելու համար»,- նկատեց Ռուբեն Սաֆրաստյանը: