28/08/2015 09:30
Ես այդ մանդատը վաստակել եմ և որևէ մեկն ինձ չի կարող պարտադրել այն վայր դնել. Լյուդմիլա Սարգսյանը՝ ՀԱԿ-ին
«Դա հրահանգով կատարված հրապարակում է: Կարող եմ նույնիսկ պատկերացնել, թե ՀԱԿ որ անդամներն են պատվիրատուն: Ապշած եմ և վիրավորված, որ ոչ մի հիմք ու փաստ չունենալով «Չորրորդ իշխանություն» թերթը՝ ընդամենը հղում անելով «Հայկական ժամանակ» թերթում տպագրված իմ մի հարցազրույցին, վարկաբեկում է կուսակցապետին ու ՀԱԿ խմբակցության անդամին»,- «Առավոտ»-ի հետ զրույցում իր վրդովմունքն է բարձրաձայնել ՀԱԿ խմբակցության պատգամավոր, վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
«Չորրորդ իշխանություն» թերթը երեկ Լյուդմիլա Սարգսյանին մեղադրել էր ՀԱԿ-ի միջոցով պատգմավորական մանդատ ձեռք բերելու, ապա ՀԱԿ-ին դավաճանելու մեջ:
«Ես ուզում եմ հիշեցնել Լևոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանին և բոլոր նրանց, ովքեր պարբերաբար փորձում են ինձ հուշել, որ ես ՀԱԿ կուսակցության շնորհիվ եմ մտել ԱԺ՝ բոլորս էլ ՀԱԿ դաշինքնի պայքարի և սեփական ներդրման արդյունքում ենք հայտնվել խորհրդարանում: Իհարկե, կային էլի շատ արժանավոր մարդիկ, ովքեր խորհրդարանում չկարողացան ներկայացված լինել, որովհետև դաշինքը հաղթահարեց 7 տոկոսը: Բայց առանցքային մարդիկ, ովքեր իրենց լրջագույն դերակատարումն են ունեցել ՀԱԿ դաշինքի կայացման և համաժողովրդական շարժման մեջ, այսօր խորհրդարանում են»,- ասել է Լ.Սարգսյանը:
Թերթի թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է պատգամավորական մանդատը վայր դնեք, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանել է. «Ես այդ մանդատը վաստակել եմ և որևէ մեկը ինձ չի կարող պարտադրել՝ այն վայր դնել»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: