28/08/2015 10:40
Նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի ընտանիքը արտագաղթել է Հայաստանից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը և նրա ընտանիքի անդամներն արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանում չեն: Ըստ նույն աղբյուրների՝ նախկին ոստիկանապետը ընտանիքի հետ տեղափոխվել է արտերկիր՝ այնտեղ մշտական բնակություն հաստատելու մտադրությամբ:
Նշվում է, որ Ն. Նազարյանի ընտանիքը ցանկանում է բնակություն հաստատել ԱՄՆ-ում, որտեղ նրանք նաև բիզնեսներ ունեն: Մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատել Ներսես Նազարյանի կամ նրա որդու` Արմեն նազարյանի հետ, սակայն ապարդյուն. նրանց հեռախոսահամարներն անջատված են եղել:
Հիշեցնենք, որ Ներսես Նազարյանի պաշտոնավարման տարիներին նրա ընտանիքը Երևանում բազմաթիվ բիզնեսներ ուներ: Իսկ 2013 թվականի ապրիլին պաշտոնանկ լինելուց հետո Նազարյանների գործերը սկսեցին աստիճանաբար վատանալ: Նազարյաններին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետներից վերջինը փակվեց անցած տարվա աշնանը: