28/08/2015 10:01
Տոնուսից տուժած քաղաքացիների հարցը մնում է չլուծված. «Ժողովուրդ»
Ժամանակն անցնում է, սակայն «Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակարանատերերի խնդիրներն այդպես էլ չեն լուծվում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Տոնուս»-ից տուժած քաղաքացիները պատմել են, որ օրեր առաջ եղել են Սայաթ-Նովա հասցեում գտնվող «Արցախբանկ»-ում և փորձել են հանդիպել կառավարիչների հետ, սակայն իրենց ասել են, որ այժմ էլ նա արձակուրդում է:
Իսկ բանկի իրավաբանն էլ բնակարանատերերին փոխանցել է, որ ներկայումս զբաղված են Փափազյան հասցեի շենքի բնակարանների հարցով: Իսկ թե երբ կսկսեն Դավիթաշենի 2-րդ թաղամասի շենքի շինարարությունն ավարտին հասցնելու աշխատանքները բանկում չեն կարողացել հստակ ասել:
Հիշեցնենք, որ «Արցախբանկ»-ի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլեր» և «Ավի» հայկական ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը տուժած քաղաքացիներին խոստացել էր, որ շենքի շինարարությունը կսկսվի դեռևս այս տարվա սկզբին:
Մինչդեռ տարին ավարտվում է, բայց շինարարական ոչ մի աշխատանք այնտեղ չի իրականացվում: