28/08/2015 19:56
Ամառային ճամբարներ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների համար
Արդեն երրորդ տարին անընդմեջ «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար կազմակերպվում են ամառային ճամբարներ: Այս մասին տեղեկանում ենք Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագրում ընդգրկվում են ցանկություն հայտնած հենաշարժողական խնդիրներ ունեցող բոլոր երեխաները:
Օգոստոսի 28-31-ն անցկացվող «Երևանյան ամառ 2015» ամառային ճամբարներին նախորդ տարվա 50-ի փոխարեն այս տարի մասնակցում են շուրջ 100 փոքրիկներ ու պատանիներ։
Խաղերով ու անակնկալներով լի առօրյայով ճամբարների մեկնարկը տրվել է Մանկական երկաթուղուց, որտեղ ծրագրի մասնակիցներն անվճար օգտվել են նաև գնացքից: Երեխաների ճամբարային առօրյային ծանոթացել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Քառօրյա ճամբարների շրջանակում հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկներն ու պատանիները կայցելեն նաև «Հաղթանակ» զբոսայգի, անվճար կօգտվեն ատրակցիոններից, իսկ Երևանի կենդանաբանական այգում էլ կշփվեն կենդանիների հետ ու կհետևեն նրանց կերակրման ընթացքին:
Առանձնակի կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող նմանատիպ ծրագրերի իրականացումը` երեխաների ծնողներն իրենց գոհունակությունն են փոխանցել Երևանի քաղաքապետին` հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության և վերաբերմունքի, ինչպես նաև իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար: