28/08/2015 13:03
Հայաստանում բնակչության ծերացման գործընթաց է ընթանում
Հայաստանը մինչև 2100 թվականը 3 մլն բնակչության փոխարեն կունենա 1.8 մլն բնակչություն, իսկ վատագույն դեպքում` 1 միլիոն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն՝ ավելացնելով, որ Ադրբեջոնում, Իրանում և Թուրքիայում ևս բնակչության նվազում կարձանագրվի:
«Ազգաբնակչության թվաքանակի նվազման հիմնական պատճառները միգրացիան, ծնելիության նվազումն ու մահացության թվի աճն են»,- ասաց նա:
Ըստ մասնագետի՝ Հայաստանում բնակչության ծերացման գործընթաց է ընթանում, սրան զուգահեռ շարունակվում է նաև միգրացիան.
«Այն երիտասարդներն, ովքեր հնարավորություն ունեն՝ դուրս են գալիս երկրից: Շուտով նվազելու է նաև կենսաթոշակային տարիքի մարդկանց թիվը»:
Գարիկ Հայրապետյանի կանխատեսմամբ՝ Հայաստանը միշտ էլ կարող է կենսաթոշակային բարեփոխումներ մշակել, բայց դրանք չեն կարող իրականացվել, որովհետև չկա սերունդների համաձայնություն:
Բանախասոն անդրադարձավ նաև երիտասարդությն շրջանում տղաների ու աղջիկների թվի համամասնության խախտմանը: Այսպիսով՝ մինչև 19 տարեկան տղաների թիվը 11,4 տոկոսով ավելի է աղջիկների թվից:
Ամփոփելով՝ Գարիկ Հայրապետյանը կոչ արեց Հայաստանում ծնելիության խթանման ծրագրեր մշակել և իրականացնել, որոնք էլ թույլ կտան դադարեցնել Հայաստանում բնակչության նվազումը: