28/08/2015 13:29
«Ապացուցողական բժշկություն. տեսությունից պրակտիկա» 2-րդ միջազգային գիտաժողովը՝ Երևանում
Սեպտեմբերի 24-26-ին Երևանում կանցկացվի «Ապացուցողական բժշկություն. տեսությունից պրակտիկա» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հանրապետական գիտաբժշկական գրադարանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:
Ինչպես Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահ, Առողջապահության ազգային ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Հովհաննիսյանը, գիտաժողովին զեկույցներով և վարպետության դասերով հանդես կգան ապացուցողական բժշկության բնագավառում հայտնի մասնագետներ տարբեր երկրներից:
Հիշեցնենք, որ 2012թ.Երևանում տեղի է ունեցել «Ապացուցողական բժշկությունը Հայաստանում` հորինվածք, թե իրականություն» խորագրով միջազգային առաջին գիտաժողովը: Գիտաժողովի աշխատանքների արդյունքում ընդունվել է Երևանյան հռչակագիրը ապացուցողական բժշկության սկզբունքները հետևողականորեն առաջ մղելու վերաբերյալ:
Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով՝ ապացուցողական բժշկության ներդրումը Հայաստանում կարևոր է, քանի որ այն իր կանոնակարգված չափորոշիչներով կնպաստի հայրենական առողջապահության զարգացմանը:
«Գիտաժողովի ընթացքում էլ հիմնական շեշտը դնելու ենք կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի վրա, քանի որ առողջապահության կազմակերպիչների համար դա շատ կարևոր է»,- ասաց Ռ.Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց՝ հայրենական բժշկագիտության զարգացումն անհնար է, քանի դեռ չի փոխվել կլինիկական հետազոտությունների անցկացման և դրանց արդյունքների հրապարակման գործելակերպը, ինչպես նաև բժիշկների ուսուցանումը չի իրականացվում բժշկական կրթության միջազգային չափանիշներին համապատասխան:
Ըստ պրոֆեսորի՝ ապացուցողական բժշկության հիմքում ընկած հիմնական գաղափարն այն է, որ յուրաքանչյուր գործող բժիշկ հիվանդությունների բուժման, ախտորոշման և կանխարգելման ժամանակ, պետք է օգտագործի միայն բուժման այն եղանակները, որոնց արդյունավետությունը և անվտանգությունն ապացուցված է կլինիկական համեմատական հետազոտությունների արդյունքներով: