28/08/2015 13:15
Նոր Սահմանադրության նախագծի քննարկումն ԱԺ-ում կլինի սովորականից տարբերվող ընթացակարգով
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 4-ին Ազգային Ժողովում տեղի կունենան Սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդարանական լսումներ, որը հրավիրում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Aysor.am-ի հետ զրույցում հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ լսումները լինելու են բաց, այսինքն դրանց հնարավորություն ունեն մասնակցել ոչ միայն Ազգային Ժողովում ներկայացված խմբակցությունները, այլև` արտախորհրդարանական ուժերն ու հասարակական կազմակերպությունները:
Այսինքն խոսքն, ըստ էության, հանրային քննարկման մասին է.
«Լսումները կազմակերպում ենք մեկ նպատակով. հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական բարեփոխումների այս նախագիծը, որն արդեն ներկայացվել է Ազգային Ժողով, նման չէ սովորական նախագծերի քննարկման ընթացակարգին: Այն չի անցնելու առաջին, երկրորդ և երրորդ ընթերցում, այլ ընդամենը ներկայացնելու ենք ու քննարկելու ենք ներկայացված տեսակետները: Իսկ ՀՀ նախագահի ներկայացուցիչը, ամփոփելով այդ տեսակետներն ու մոտեցումները, դրանք ներկայացնելու է նախագահին»,- ասաց նա:
Հովսհաննես Սահակյանի խոսքով՝ այնուհետ նոր Սահմանադրության նախագիծը կամփոփվի նաև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում և լիագումար նիստում, իսկ հետագայում, նախագահի կողմից ընդունելի տարբերակով ԱԺ-ին ներկայացված նախագիծը կդրվի քվեարկությանը.
«Դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք մինչև հանձնաժողովի նիստում և լիագումար նիստում այն քննարկելը՝ անցկացնենք լսումներ, որպեսզի կարողանանք ժամանակը օպտիմալ օգտագործենք և կարողանանք հաշվի առնել բոլոր տեսակետներն ու մոտեցումները»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, այս օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություններ է անցկացնում քաղաքական ուժերի հետ:
Ըստ ՀՀԿ մամլո խոսնակի՝ ընդհանուր առմամբ քաղաքական ուժերի մեծամասնությունը դրական է գնահատել խորհրդարանական մոդելին ու համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարը և այս հարցում կա փոխըմբռնում: