28/08/2015 14:42
«Ոչ թալանին» նախաձեռնությունը վերսկսում է իր պայքարը փողոցում
«Ոչ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ից վերսկսելու է իր պայքարը փողոցում՝ պահանջելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեցին նախաձեռնության անդամները:
Նրանք տեղեկացրեցին, որ տարբեր քաղաքացիների կողմից ահազանգեր են ստացել այն մասին, որ ՀԷՑ-ի աշխատակիցները քաղաքացիներին պարտադրում են ստորագրել ինչ-որ փաստաթղթեր, որոնցում նշված է, որ քաղաքացիները համաձայն են վճարումներ կատարել էլեկտրաէներգիայի դիմաց՝ արդեն բարձրացրած սակագնով:
Նախաձեռնության անդամները հիշեցին, որ դեռ հունիսյան հավաքներից հետո իշխանությունները հայտարարել ու խոստացել էին, որ այդ պարտավորությունը՝ մինչև աուդիտի ավարտը կառավարությունն իր վրա է վերցնում. փաստորեն այդ խոստումը չի կատարվում.
«Այդ հայտարարության մեջ չէին առանձնացվում խոշոր, միջին ու մանր ձեռնարկատերերը: Դա վերաբերում էր բոլորին»,- հայտարարեց նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը՝ ավելացնելով, որ վերոնշյալ հայտարարությանը հաջորդեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքն այն մասին, որ ինքը դեմ է խոշոր ձեռնարկատերերին աջակցելուն:
«Սրանք միմյանց հակասող հայտարարություններ են, որոնք անտեսվում են ոչ միայն իշխանությունների, այլև՝ ՀԷՑ-ի կողմից: Փաստորեն, ՀԷՑ-ը թքած ունի այս իշխանությունների որոշումների վրա: Այսինքն՝ կամ ՀԷՑ-ն արհամարհում է այս իշխանություններին, կամ՝ փաստացի իշխանությունները նորից խաբել են ժողովրդին»,- ասաց նա:
Չիբուխչյանը բոլոր փոքր ու միջին ձեռնարկատերերին կոչ արեց, որպեսզի այդ պայմանագրերը չստորագրեն, այլ փոխարենը միանան իրենց՝ անհնազանդությանը՝ սեպտեմբերի 1-ին ժամը 16:00-ին՝ Սիրահարների այգում:
«Այդ փաստաթղթերն անօրինական են ու հակասում են իշխանությունների կողմից արված բոլոր հայտարարություններին: Մենք տեսանք, որ մեր բոլոր խնդիրները լուծում են ստանում փողոցում, հետևաբար որոշել ենք նորից փողոց դուրս գալ ու ճնշում գործադրել: Մինչև չճնշենք՝ ոչ մի խնդիր այս երկրում չի լուծվի»,- ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամը:
Անդրադառնալով ՀԷՑ-ում աուդիտի անցկացմանը՝ Արտուշ Չիբուխչյանը նշեց, որ իրենք ստացել են դործընթացին մասնակցելու հրավեր.
«Չնայած դրան՝ մենք գնալով ավելի ու ավելի ենք համոզվում, որ այս խնդիրն իշխանությունները չեն ցանկացնում լուծել: Այնպես որ սեպտեմբերի մեկին մենք կներկայացնենք մեր նախաձեռնության հետագա անելիքները»,- ամփոփեց նախաձեռնության անդամը: