28/08/2015 14:30
Պաղպաղակի տոն՝ Կենդանաբանական այգում. Երեխաների մուտքը կլինի անվճար
Սեպտեմբերի 5-ին Երևանի կենդանաբանական այգում պաղպաղակի տոն է: Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում Կենդանաբանական այգում կանցկացվի «Պաղպաղակի օր» բացօթյա միջոցառումը:
Առավոտյան 11-ին մեկնարկող միջոցառումը կշարունակվի մինչև 16:00-ն: Արդեն ավանդական դարձած տոնակատարության ընթացքում այցելուները հնարավորություն կունենան պաղպաղակ գնելու ընդամենը 50 դրամ սակագնով: Խորհրդանշական վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի այգու կենդանիների խնամքին և նրանց պայմանների բարելավմանը: Տոնական պաղպաղակը տրամադրում է «Աշտարակ Կաթ» ընկերությունը:
Փոքրիկ այցելուներին այդ օրն այգու մշտական բնակիչներից բացի կդիմավորեն նաև հեքիաթի հերոսներ: Միջոցառման ընթացքում այգու տարբեր հատվածներում կանցկացվեն խաղ-մրցույթներ. կենդանիներին և բնությանն առնչվող փոքրիկ էկո նվերներից բացի կխաղարկվի նաև մեկ հիմնական մրցանակ` հեծանիվ:
Նշենք, որ երեխաների անվճար մուտքը Կենդանաբանական այգի ապահովում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: