29/08/2015 16:17
ՆԱՏՕ-ի «մուտքը» Վրաստան և Մոսկվայի նախազգուշացումը
Ի՞նչ նպատակ ունի ուսումնական կենտրոնի հիմնումը Վրաստանում, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, ինչպիսի՞ իրավիճակի ականատեսը կարող ենք դառնալ հետագայում, և արդյո՞ք Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացումը մոտ ապագայում կհանգեցնի Վրաստանի՝ դաշինքին անդամակցությանը:
Օգոստոսի 27-ին Վրաստանում բացվեց վրաց-նատօական համատեղ ուսումնական կենտրոնը: Հատուկ՝ նշված միջոցառմանը մասնակցելու համար առաջին պաշտոնական այցով Թբիլիսի էր ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը: Հետաքրքրական է, որ տվյալ կենտրոնի բացման, ինչպես նաև Ստոլտենբերգի Վրաստանում արված հայտարարություններին անմիջապես հետևեց պաշտոնական Մոսկվայի արձագանքը:
Ինչ վերաբերում է դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքերին.
Ստոլտենբերգն արդեն մեկնել է Թբիլիսիից, և անցել իր ամենօրյա գործերին, սակայն վերջինիս՝ Վրաստանում հնչեցրած խոսքերն, ըստ էության, ամենևին էլ լավ տրամադրություն չեն հաղորդել ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ Վրաստանի իշխանություններին:
Դաշինքի գլխավոր քարտուղարն իր ելույթում կրկին աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ հավելելով, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ճանապարհին ստացել է լուրջ գործիքներ՝ կառույցին անդամակցելու ցանկությունն իրականություն դարձնելու համար: Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգը չի հստակեցրել, թե արդյո՞ք 2016թ.-ին Վարշավայում կայանալիք դաշինքի հերթական գագաթնաժողովին Վրաստանը կստանա այդքան սպասված անդամակցության գործողությունների պլանը (MAP), թե՝ ոչ, ընդգծելով, որ տվյալ փաստաթուղթն ամենևին էլ միակ նախապայմանը չէ դաշինքի անդամ դառնալու համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ապակառուցողական ու սադրիչ քայլերը, որոնք, իր խոսքերով, տարածաշրջանում իրականացնում է Ռուսաստանը, և որոնք վտանգավոր են անվտանգության ապահովման և կայունության պահպանման տեսանկյունից:
Ռուսաստանի դիրքորոշումը
Ստոլտենբերգի հայտարարություններին հաջորդել է Մոսկվայի արձագանքը: Մասնավորապես, ի հակառակ դաշինքի գլխավոր դեմքի այն պնդմանը, որ նշված կենտրոնի հիմնումը որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի Վրաստանում ծավալված գործողությունները, այդ թվում նաև՝ հիշյալ կենտրոնի բացումը՝ նշելով, որ հյուսիսատլանտյան դաշինքի նման քայլերը կարող են տարածաշրջանում ապակայունացման հանգեցնել: ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան ուշիուշով հետևում է ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև կապերի սերտացման գործընթացին՝ ակնարկելով, որ այդ համագործակցությանն առնչվող յուրաքանչյուր դրվագ համապատասխան ձևով հաշվի կառնվի Ռուսաստանի կողմից: Ռուս պաշտոնյան նաև հիշեցրել է, որ 2008թ.-ի բուխարեստյան գագաթնաժողովին հնչած Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու դաշինքի դրական մոտեցումն ավելի ուշ հանգեցրել է օգոստոսյան ողբերգական իրադարձությունների՝ ընդգծելով, որ նշված հանգամանքից ինքնավստահություն ձեռք բերող վրացի պաշտոնյաները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը հետագա գործընթացների նկատմամբ:
Այսպիսով պաշտոնական Մոսկվան ևս մեկ անգամ խիստ ձևով նախազգուշացրել է Վրաստանին, ապա և ՆԱՏՕ-ին, որ ռուսները չեն հանդուրժի Վրաստանի-ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հանգամանքը:
Վրաստանի սպասելիքները
Անհրաժեշտ է նշել, որ Ռուսաստանին նյարդայնացնելուց զատ, փաստորեն, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հերթական անգամ հուսախաբ է անում Վրաստանի իշխանություններին, ինչպես նաև՝ վրաց հասարակությանը: Ընդամենը հիշենք, որ վերջին ամիսներին վրացական կողմը պաշտոնական մակարդակով մի քանի անգամ բավական խիստ տոնով հորդորեց դաշինքի ղեկավարությանը հստակ մատնանշել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամագրման հետագա ճակատագիրը՝ մասնավորապես հենց ՄԱՊ ստանալու հետ կապված: Վրացի պաշտոնյաները նաև զգուշացնում էին ՆԱՏՕ-ին, որ եթե նշված հարցը մնա անպատասխան, ապա վրաց հասարակությունը կկորցնի հավատը դաշինքի հանդեպ, ինչը կարող է վնասել անդամակցության գործընթացին:
Ճիշտ է՝ դաշինքի հետ համատեղ ուսումնական կենտրոնի հիմնումը Վրաստանի տարածքում զգալի ձեռքբերում է Թբիլիսիի համար՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու գործընթացի շրջանակներում: Տվյալ կենտրոնը մեծապես կնպաստի վրացի զինծառայողների կրթական մակարդակի բարձրացմանը, այդ առումով թույլ կտա ավելի մոտ կանգնել ՆԱՏՕ-ի չափանիշներին: Սակայն փաստն այն է, որ այսօր արդեն Վրաստանի սպասելիքներն այլ ձևաչափի են և հստակ, այն է՝ անդամակցել հիշյալ կառույցին:
Վրաստանի՝ դաշինքի անդամ դառնալու ցանկություններն ու հնարավորությունը
Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է Վրաստանին տեսնել իր կազմում, սակայն կան խնդիրներ, որոնք գրեթե անհնարին են դարձնում այդ հարցը: Դաշինքի կանոնադրության 5-րդ կետի համաձայն, կառույցի անդամ ցանկացած երկրի նկատմամբ դրսևորված ագրեսիա կամ հարձակում, դիտարկվում է որպես հարված անդամ բոլոր երկրների վրա, և, ըստ այդմ, ենթադրվում է դաշինքի կողմից հարձակման ենթարկված պետության պաշտպանությունը: Ուստի պարզ է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա թշնամանքի պայմաններում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորությունն իրականության վերածվելու շատ քիչ հավանականություն կա, և կարող ենք նախնական եզրակացնել, որ Վրաստանի համար տեսանելի ապագայում կշարունակի փակ մնալ ՆԱՏՕ-ի դարպասը, իսկ վրաց-ռուսական հարաբերությունների վերականգնման գործընթացն, այդուհանդերձ, կշարունակի զարգանալ՝ երկու կողմերի միջև առկա լարվածությանը զուգահեռ՝ հաճախ մտնելով փակուղի, երբեմն էլ՝ հակառակը՝ նոր հաջողություններ գրանցելով:
Այլ պարագայում, եթե Վրաստանը համալրի ՆԱՏՕ-ի կազմը, առկա իրավիճակում Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատումն անխուսափելի կդառնա, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև՝ ՆԱՏՕ-ի (ըստ այդմ արևմտյան պետությունների) և Ռուսաստանի համար: