29/08/2015 13:03
Արմեն Աշոտյան. Ով չի կարող աշխատել՝ թող չաշխատի. Ես չեմ նեղանա
Ասել, որ ավագ դպրոցի ինստիտուտն արդեն իսկ կայացած է` սխալ կլինի: Այս մասին այսօր կայացած օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն՝ ընդգծելով, որ կառուցվածքային առումով ավագ դպրոցների բարեփոխումներն ավարտվել են, բայց բովանդակային առումով դրանք դեռ ընթացքի մեջ են:
«Միևնույն ժամանակ ես նաև սխալ եմ համարում այն պնդումը, թե ավագ դպրոցները չեն կայանում: Այս հարցում ակնկալում եմ ավագ դպրոցների տնօրենների աջակցությունը»,- հայտարարեց նախարարը:
Ըստ նախարարի՝ մեկ այլ կարևոր գործընթաց, որ այսօր առկա է կրթական համակարգում՝ հանրակրթության բովանդակայնությունը վերանայելու անհրաժեշտությունն է.
«Մեր հանրակրթական ծրագիրն ամենաբարդերից ու ամենահագեցածներից մեկն է ողջ Եվրոպայում: Կարևոր է նաև աշակերտների կարգապահության և հաճախումների հարցը, այս հարցը սուր է դրված հատկապես ավարտական դասարաններում: Այդ խնդիրը եղել է ինչպես 10-ամյա, այնպես էլ՝ 12-ամյա համակարգի ներդրման դեպքում»,- ասաց Արմեն Աշոտյանն:
Անդրադառնալով հաճախ քննարկվող կրկնուսույցների հարցին՝ նախարարը նշեց, որ նրանց գործունեությունը չպետք է կասեցվի, ուղղակի համակարգը պետք է կարգավորել, որպեսզի դասաժամերի հաշվին աշակերտներին պարապունքների չգնան: Հենց դա է պատճառը, որ ավագ դպրոցների աշակերտների համար սեպտեմբերի 1-ից սկսած սահմանվելու է բացակայության նոր կարգ՝ 80-120 ժամ՝ նախկին 120-200 ժամի փոխարեն:
Բացի ավագ դպրոցներից, նախարարը կարևորեց նաև ներառական դպրոցների ցանցի ընդլայնումը:
Ըստ Ա.Աշոտյանի՝ այսօր Հայաստանում գործում է 300 ներառական դպրոց, և ամեն տարի շուրջ 15 դպրոց հատուկ կարիքներով երեխաների համար ներառական կրթական ծրագիր է ապահովում: Նախարարը հիշեցրեց, որ մինչև 2025 թվականը Հայաստանի բոլոր ավագ դպրոցները պետք է անցնեն ներառական կրթության համակարգի:
Ի դեպ, Ա.Աշոտյանը դպրոցների տնօրենների համար տհաճ լուր ուներ և զգուշացրեց, որ տարին ֆինանսական պարտքերով փակող տնօրենների գործերը կուսումնասիրվեն ու հաջորդ տարին կրթության համակարգը կդիմավորի արդեն առանց այդ տնօրենների.
«Տնօրեն աշխատելը բարդ գործ է, բայց ես չեմ խնդրել դառնաք դպրոցի տնօրեն: Ով չի կարող աշխատել՝ թող չաշխատի: Ես չեմ նեղանա»: