29/08/2015 12:30
Ամուսինը բռունցքներով հարվածներ է հասցրել իր հղի կնոջը. Գործը դատարանում է
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջաին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է հղի կնոջը հարվածներ հասցնելու փաստով հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Հարություն Ջաբուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Մերի Ջաբուրյանի ամուսինը, շուրջ 2 տարի պարբերաբար՝ վերջին անգամ 13.05.2015թ., գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում 3-4 անգամ բռունցքներով հարվածներ է հասցրել իր համար ակնհայտ հղի վիճակում գտնվող Մ.Ջաբուրյանի գլխին՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ, ինչի հետևանքով Մ.Ջաբուրյանի 15.05.2015թ. հեռացել է տանից և դիմել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում գտնվող կանանց աջակցման կենտրոն։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119 Հոդվածի 2 Մասի 4 Կետի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: