29/08/2015 10:14
Ծեծի մասնակիցները պաշտոնյաներ են. «Հրապարակ»
«Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին ծեծի ենթարկողների մեջ եղել են նաև պաշտոնյաներ, այդ պատճառով էլ նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նրան ծեծի ենթարկողների մեջ եղել են ֆինանսների նախարարության աշխատակիցներ: «Ծեծողներից մեկը հարկայինում էր աշխատում, մեկը՝ տամոժնիում»,-ասաց թերթի աղբյուրը: Ասում են, թե մաքսայինում աշխատողը հենց «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին է՝ 26-ամյա Հարություն Թանգամյանը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Առայժմ նյութերն ուսումնասիրվում են, և հայտնի չէ, թե որ հոդվածով քրեական գործ կհարուցվի կամ կհարուցվի՞ արդյոք:
Թերթին հայտնի դարձավ նաև, որ թեև Վարազդատ Խոցանյանի առողջական վիճակը լավանում է, նրա հոգեկան վիճակը բարվոք չէ: Նա սկսել է ինչ-որ տարօրինակ բաներ խոսել՝ շեղումներ են նկատվում: Հարազատները, մտահոգվելով նրա առողջական վիճակի մասին, անգամ հոգեբան են կանչել: Վարազդատ Խոցանյանը տեղի ունեցածից ոչինչ չի հիշում և որևէ բան չի կարողանում պատմել: Նրան հարվածել են թիկունքից, իսկ առաջիկայում պետք է վիրահատեն դիմային ոսկրերի, կոտրվածքների համար»: