29/08/2015 14:21
Ստեփանակերտում բացվում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը
Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կբացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական ընդհանուր բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում: Կենտրոնի բացման արարողությանը ներկա կգտնվեն Սիմոնյան կրթական հիմնադրամի ղեկավար Սեմ Սիմոնյանը և ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Վազգեն Յակուբյանը: Այս մասին տեղեկանում ենք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մամուլի ծառայությունից:
Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԲԸՄ-ն ֆինանսավորելու է կենտրոնի բոլոր գործառնական ծախսերը, ինչպես նաև կենտրոնի մեկնարկային ծախսերը՝ ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության շրջանակներում, իսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարությունը տրամադրում է տարածք Ստեփանակերտի կենտրոնական հատվածում գտնվող պատմական շենքում: Շինության վերանորոգումը իրականացել է Ղարաբաղ Տելեկոմ ընկերության նվիրատվության շնորհիվ:
Ստեփանակերտի ծրագիրը հասանելի կլինի 500-ից 1000 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը Թումո կհաճախի շաբաթական երկու օր և կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաև կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն:
Նշվում է, որ Ստեփանակերտի կենտրոնում ուսանողների գրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից, իսկ հոկտեմբեր ամսից գրանցված ուսանողները կսկսեն իրենց ուսումը Թումոյում: Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2011-ին, իսկ երկրորդը՝ Դիլիջանում՝ 2013-ին: ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցությամբ 2015-ի մայիսին նաև բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: Համագործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի այլ քաղաքներով, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս: