30/08/2015 11:58
Մահացել է վաստակավոր ինժեներ, պրոֆեսոր Ռաֆայել Սաղաթելյանը
Խորը վշտով տեղեկացնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 27-ին` կյանքի 93-րդ տարում, մահացել է Հայաստանի ԽՍՀ Վաստակավոր ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռաֆայել Մաթևոսի Սաղաթելյանը:
Ռաֆայել Սաղաթելյանն իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանում ինժեներական կադրերի պատրաստմանը:
30 տարիների ընթացքում` 1960- 1989թթ, Ռ. Սաղաթելյանը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետի դեկանն էր, իսկ դրա բաժանումից հետո` մեքենաշինական ֆակուլտետի դեկանը:
Այս ժամանակահատվածում տվյալ ֆակուլտետներում ուսանել են մոտավորապես 40 հազար ինժեներ-մեխանիկներ, ովքեր ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում մի շարք արտադրական ձեռնարկությունների ողնաշարն են:
Ռաֆայել Սաղաթելյանը «Կարմիր աստղ» և «Հայրենական պատերազմի» շքանշանների ասպետ է:
Պարգաևատրվել է բազմաթիվ մեդալներով:
Նա արժանացել է Չեխոսլովակիայի մի շարք պետական պարգևների, քանի որ մասնակցել է դրա մայրաքաղաք Պրահայի ազատագրմանը:
Բացի այդ նա արժանացել է Վիետնամի մի շարք պետական պարգևների, քանի որ 1958-1959թթ. ակտիվորեն մասնակցել է դրա բարձրագույն տեխնիկական կրթության կայացմանը:
Մեր ընկեր Ռաֆայել Սաղաթելյանի վառ հիշատակը միշտ կլինի մեր սրտերում:
Մի խումբ ընկերներ