31/08/2015 15:55
Փաստաբան. Արա Բուդաղյանի գործով Եվրադատարան ուղարկվելիք առնվազն 3 գանգատի հիմք կա
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով` այս անգամ էլ քննիչը դատարանում Արա Բուդաղյանի վերաբերյալ որևէ ապացույց չի կարողացել ներկայացնել: Իր պաշտպանյալի մասնակցությամբ չեն կատարվել նաև քննչական գործողություններ:
«Կենտրոնի դատարանում տխուր ավանդույթ է ձևավորվել՝ եթե ԱԱԾ-ն է միջնորդում կալանավորել անձին, ապա հենց այդ որոշումն էլ կայացվում է»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով` մյուս երեք մեղադրյալների նկատմամբ ևս նման որոշումներ են կայացվել:
«Արա Բուդաղյանի գործով Եվրադատարան ուղարկվելիք առնվազն երեք գանգատի հիմք կա: Այնպես որ՝ Եվրադատարանում մեծ քանակությամբ վճիռներ սպասեք Հայաստանի դեմ, մանավանդ, որ այժմ այնտեղ Հայաստանը ներկայացնող դատավոր ունենք: Բացի այդ` ՄԻԵԴ-ում արագացվել են բողոքների քննության ընթացակարգերը»,- ամփոփեց Հայկ Ալումյանը: