31/08/2015 15:19
ՍԴ անդամ. Նոր Սահմանադրության նախագծով իշխանությունը վերադարձվում է ժողովրդին
Ի տարբերություն նախորդ և գործող Սահմանադրությունների՝ ներկա սահմանադրական բարեփոխումների նախագիծն ամբողջությամբ օրինական է և միտված է ժողովրդավարության ամրապնդմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը:
Նրա խոսքով՝ իրավական տեսանկյունից սա ոչ թե սահմանադրական բարեփոխումների տեքստ է, այլ նոր Սահմանադրության նախագիծ:
Կիմ Բալայանը հիշեց՝ երբ ընդունվում էր գործող Սահմանադրությունն, ինքը բազմիցս բարձրաձայնել է, որ այն հակաօրինական է, իսկ նոր Սահմանադրության նախագծով ժողովրդի իշխանությունը վերադարձվում է ժողովրդին.
«Յուրաքանչյուր երկրի Սահմանադրություն պետք է միտված լինի տվյալ պետության զարգացմանն ու ժողովրդավարության ամրապնդմանը: Այս տեսակետից ՀՀ առաջին Սահմանադրությունը հակաօրինական էր, որովհետև մենք ընդունել ենք Անկախության մասին հռչակագիր, որի համաձայն` ՀՀ Գերագույն խորհուրդը բացառիկ լիազորություն ունի ՀՀ անունից հանդես գալու: Բացի այդ, դրա 5-րդ հոդվածով ամրագրվում էր, որ ՀՀ անվտանգության ու սահմանների անձեռնմխելիության համար ստեղծում են ԳԽ ենթակա ուժեր»,- ասաց նա:
Կիմ Բալայանը նկատեց, որ առաջին անգամ 1991 թ. օգոստոսի 1-ին է ապօրինություն հաստատվել, երբ ԳԽ-ն ընդունեց որոշում ՀՀ նախագահական համակարգն ամրագրելու մասին, այն դեպքում՝ երբ ընդունված հռչակագրով խորհրդարանական համակարգն էր նախատեսվում:
ՍԴ անդամն ընդգծեց, որ ի տարբերություն այս Սահմանադրության, որտեղ ժողովրդի` իշխանություն իրականացնելու դրույթը ընտրությունների անմիջական ներգործության միջոցով ուներ հռչակագրային բնույթ, նոր Սահմանադրությամբ` այն դառնում է ժողովրդի կողմից իշխանությանը իր կամքը թելադրելու ռեալ հնարավորություն:
«Այժմ 150 հազար ստորագրության պարագայում ցանկացած հարց կարող է դրվել հանրաքվեի»,- ամփոփեց Կիմ Բալայանը: