31/08/2015 13:17
Փաստաբան. Վարդան Պետրոսյանի համար պետք է ընտրվի կալանքի բաց ռեժիմ
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի հետևանքով տուժած Հակոբյանների վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Նրա խոսքով`իրենք համաձայն չեն որոշման հետ, որը կայացվել է օրենքի խախտմամբ:
«Գտնում ենք, որ դատարանը պարտավոր էր քննության առնել հայցը, քանի որ դա հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս է, բայց այն մնաց առանց քննության, բացը մենք պետք է տեսնենք ինչ ճանապարհով կարող ենք լրացնել այս բացը, եթե տուժողները ցանկանան»,- ասաց Բալոյանն՝ ավելացնելով, որ քննարկվում է նաև ՄԻԵԴ բողոք ներկայացնելու հարցը:
Հարցին` արդյոք այս ընթացքում որևէ մեկն օգնություն առաջարկե՞լ է Տաթևիկ Հակոբյանի բուժման համար, փաստաբանը պատասխանեց.
«Վերաքննիչ դատարանում հիշում եք, որ Վ. Պետրոսյանը ասաց պատրաստ եմ, թող գնա բուժվի, պարտավորվում եմ ծախսերը հոգալ, ես էլ հայտարարեցի, որ մենք հրաժարվել ենք ութ միլիոն դրամից, թող գնա բուժվի՝ իրենք էլ փոխանցեն գումարը, դա կլինի հազար դրամ, թե ինչքան, թող իրենք քննարկեն: Վերջին պահին իրենք հրաժարվեցին Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը հոգալուց և այժմ ծնողներն իրենց միջոցներով փորձում են ինչ-որ բան անել նրա բուժման համար»,- ասաց Բալոյանը:
Միաժամանակ Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն խոսքով՝ առաջին ատյանի կայացրած որոշումն արդեն մտել է ուժի մեջ և պետք է որոշում կայացվի՝ կալանքի ռեժիմ ընտրելու վերաբերյալ: Ընդ որում, իր կարծիքով, պետք է ընտրվի կալանքի բաց ռեժիմը:
Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծեց, որ իր համար կանխատեսելի էր նման որոշումը, քանի որ բողոքի տեքստը որևէ տարբերություն վերաքննիչ բողոքի հետ չուներ: