31/08/2015 19:52
«Ալյանսի» նպատատակետը խորհրդարանական ընտրություններն ու հաղթանակն են
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն այսօր պարտադրված կրկնակի հիմնադիր համագումար գումարեց: Պատճառն այն է, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը չէր գրանցել կուսակցությունը մայիսի 16-ի համագումարից հետո անէական ու անլուրջ պատճառաբանությամբ, իսկ օրենսդրությունը պահանջում է հրավիրել կրկնակի համագումար, ուստի կուսակցությունն իրականացրեց այն իր պետական գրանցումը օրինական ճանապարհով պարտադրելու համար:
Բացի հիմնադրման գործընթացից, համագումարի ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական վիճակը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների հարցը:
Իր ելույթում Տիգրան Ուրիխանյանն ակնարկեց, որ երկրում ստեղծված ծանր իրավիճակի մեղավորը Սահմանադրությունը չէ.
«Ուզում եմ հասկանալ՝ գործող Սահմանադրությո՞ւնն է պարտադրում մենաշնորհներ ձևավորել, կամ մի կերպ գոյացող պետական բյուջեից ծախսեր հատկացնել արարողակարգերի վրա, չառտերային չվերթների վրա, անձնական թանկարժեք ծառայողական մեքենաների վրա և այլն: Իհարկե՝ ոչ: Մենք միշտ կողմ ենք արտահայտվել և′ ընտրակարգի փոփոխությանը, և′ կառավարման մոդելի բարելավմանը, և′ ժողովրդավարացմանն ուղղված ցանկացած փոփոխությանը: Բայց մենք երբեք չենք համաձայնվել իշխանության վերարտադրությանը»,- հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը:
Նա նաև նշեց, որ «Ալյանսի» գործունեության նպատատակետը խորհրդարանական ընտրություններն են ու հաղթանակ՝ այս կամ այն կառավարման համակարգի պարագայում: