31/08/2015 18:35
Երվանդ Զախարյան. Էլեկտրաէներգիայի սուբսիդավորուման այս ամսվա տվյալները դեռևս հստակ չեն
Այսօր Կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու է Կառավարությունը սուբսիդավորում միայն այն 500 ԿՎ/ժամ էլեկտրաէներգիա սպառած ՓՄՁ-ների սպառած հոսանքը.
«Դա պայմանավորված է մեր ունեցած միջոցներով ու հնարավորություններով»,- լրագրողներին ասաց նախարարն՝ ավելացնելով.
«Սուբսիդավորումը կտրվի մինչ հանձնաժողովի՝ խորհրդատվական աշխատանքների ավարտը, իսկ ավարտից հետո կներկայացնենք համապատասխան որոշումը»:
Նախարարը վստահեցրեց, որ դա ՀԷՑ-ի աուդիտի հետ կապված չէ:
«Ինչպես գիտեք, ՀԷՑ-ն արդեն արել է աուդիտի վերաբերյալ իր հայտարարությունը: Ազատ մրցույթ է հայտարարված և մինչ սեպտեմբերի 30-ը բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել հայտերը»,- ավելացրեց նախարարը:
Հարցին՝ որքա՞ն է կազմել օգոստոս ամսվա սուբսիդավորումը, Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ հստակ տվյալներ այս պահին չկան, և հաշվարկներն ընթացքի մեջ են: