31/08/2015 11:01
Արցախում նկատվում է սուր աղիքային վարակի աճ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերջին տասնօրյակում նկատվում է սուր աղիքային վարակի սեզոնային աճ: Ինֆեկցիոն հիվանդանոցում և «Արևիկ» մանկական բուժմիավորումում ստացիոնար բուժում են ստանում հիվանդներ Ստեփանակերտից ու հանրապետության շրջաններից: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ առողջապահության նապարարությունից:
Հիվանդների հիմնական մասը երեխաներ են: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Բուժհաստատությունները ապահովված են համապատասխան դեղերով և բժշկական պարագաներով: Իրավիճակը վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, ինչպես նաև համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի մասնագետների կողմից սուր աղիքային ինֆեկցիայի օջախներում կատարվում են համալիր հակահամաճարակային միջոցառումներ: Հիվանդացությունը կանխարգելելու նպատակով օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են ժամանել մի խումբ վարակաբաններ՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի գլխավորությամբ, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը և նույն կենտրոնի ռեֆերենս լաբորատորիա մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Կարապետյանը:
Մասնագետների կողմից կատարվել են տարբեր կանխարգելիչ միջոցառումներ, տրվել են համապատասխան խորհրդատվություններ՝ բուժման տակտիկայի վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը դիմում է հանրապետության բնակչությանը՝ սուր աղիքային վարակներից խուսափելու նպատակով հետևել այս պահանջներին՝
• Մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրով
• Սննդամթերքը պահել փակ տարրաներում ՝ աղտոտումից խուսափելու համար
• Շուտ փչացող սննդամթերքը պահել սառնարանում
• Ձեռքերը լվանալ հաճախակի
• Խուսափել սննդամթերքից , որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում
• Խմելու ջրի համի և գույնի փոփոխություն և նստվածք նկատելու դեպքում անհապաղ ահազանգել համապատասխան մարմիններին
• Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի
• Չզբաղվել ինքնաբուժմամբ