31/08/2015 16:15
Վարչապետ. Ունենք 4,4 տոկոս տնտեսական աճ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է ՀՆԱ-ի 2 տոկոս աճ: Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում, մինչ նիստի օրակարգին անցնելը անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին, նա նաև նշեց, որ ԱՎԾ վերջին տվյալներով այս տարվա երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշներն ավելի ակնհայտ են դառնում:
«Երկրորդ եռամսյակում ունենք 5,1 տոկոս աճ: Արդյունքում` ունենք 4,4 տոկոս տնտեսական աճ: Արտերկրից եկող տրանսֆերտների էական նվազման պարագայում հատկապես կարևորվում են գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճը և արտահանման բազմազանությունը»,- ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծեց նաև, որ այսօր Հայաստանի այդ ցուցանիշները պայմանավորված են նաև արտահանմամբ:
«Մենք այսօր՝ նախկինի համեմատ, ավելի շատ երկրներ ենք ապրանքներ արտահանում: Հանձնարարում եմ տնտեսության ոլորտի բոլոր գերատեսչություններին` հանրությանը մանրամասն ներկայացնել կիսամյակի տնտեսական արդյունքները»,- ամփոփեց վարչապետը: