31/08/2015 16:55
Վարչապետ. Շուրջ 6 ժամ ուսումնասիրել ենք Սահմանադրության վերաբերյալ առաջարկությունները
Կառավարությունում այսօր քննարկվեց ՀՀ սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ նախագծում ընդգրկված են հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման մարմինների դիրքորոշումները, որոնք վերաբերում են Սահմանադրության փոփոխությունների նախագծին։
«Առաջարկություններն ուղղված են Սահմանադրության փոփոխությունների նախագծի նորմերի իրավական որոշակիությանը, բովանդակության ճշգրտումներին, դրանց կառուցվածքային հստակեցումներին»,- ասաց նախարարի պաշտոնակատարն՝ ընդգծելով, որ հիմա ամփոփվում են նախագծի վերաբերյալ եղած բոլոր կարծիքները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ի պատասխան նշեց, որ Կառավարությունը ևս հարցը շուրջ 6 ժամ քննարկել է.
«Նայել ենք բոլոր առաջարկությունները, կան նաև առաջարկություններ, որոնք արժանի են քննարկման։ Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել ենք և առաջարկում եմ ԱԺ-ում կազմակերպել քննարկումներ, որպեսզի փորձենք ընդհանուր հայտարարի գալ: Իսկ քննարկումներից հետո ես նախագիծը կստորագրեմ ու այն կուղարկենք Ազգային ժողով»,- ասաց Հովիկ Աբչահամյանը: