31/08/2015 15:02
Նաիրա Զոհրաբյան. Թույլ տվեք մեր խնդիրները մենք լուծենք
Ես կարծում եմ, որ իմ հարգարժան գործընկեր լրագրողները ճիշտ կանեն թույլ տան մենք մեր ներկուսակցական խնդիները լուծենք։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մամուլում առկա այն հրապարակմանը, թե ԲՀԿ խմբակցության ներսում լուրջ տարաձայնություններ կան ու մասնավորապես նշվում են Վահե Հովհաննիսյանի, Ստեփան Մարգարյանի և Էլինար Վարդարյանի անունները։
«Մենք միասին երկար ու բարդ ճանապարհ ենք անցել և կարող ենք ցանկացած խնդիր բաց և անկաշկանդ քննարկել՝ առանց մամուլի մասնակցության և միջնորդության։ Ես եթե որևէ բան ունենամ ասելու՝ կասեմ հրապարակային՝ առանց որևէ լրագրողի, կամ մամուլի միջոցի հետևում թաքնվելու»,- ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ բնականաբար նաև հասկանում է՝ որոշ կենտրոնների խիստ ձեռնտու է իրավիճակը սրել, ինտրիգ մտցնել՝ իրենց շահերը սպասարկելու համար։ Սակայն, միշտ էլ կարող են տարբեր հարցերի վերաբերյալ լինել տարբեր մոտեցումներ, ու դրանք լուծելի են՝ եթե կա միմյանց փաստարկները լսելու և միմյանց տեսակետը հարգելու պատրաստակամություն.
«Վահե Հովհաննիսյանը և ես այս խնդրի շուրջ նաև նախօրեին երկար զրուցել ենք և որևէ պրոբլեմ չունենք ծագած որևէ խնդիր բաց ու անկեղծ քննարկելու ու փորձելու հասկանալ՝ ինչը ո՞ւմ միջոցով, ի՞նչ ճանապարհով և ի՞նչ նպատակի համար է արվում, ճշտելու խաղի կանոնները, որը պիտի լինի առաջին հերթին ազնիվ ու բարոյական։ Քաղաքականությունն ունի իր կանոնները, սակայն ինձ համար առաջնայինը մարդկային հարաբերություններում պարկեշտությունը պահելն է, վստահ եմ՝ Վահեի դեպքում ևս՝ անկախ նրանից, թե ով ինչ է ուզում»,- ավելացրեց ԲՀԿ նախագահը։