31/08/2015 17:25
Կառավարությունը կսուբսիդավորի նաև ՓՄՁ-ների սպառած էլեկտրաէներգիայի ավելացված 7 դրամը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկման արդյունքում որոշվել է սուբսիդավորել նաև ՓՄՁ-ի սպառած էլեկտրաէներգիայի սակագնի յոթ դրամը:
«Կառավարությունն արտաբյուջետային միջոցներից կվճարի ՓՄՁ այն ներկայացուցիչների էլեկտրաէներգիայի սակագնի օգոստոսի 1-ին հայտարարված հավելավճարը, որոնք ամսական սպառում են 250 կվ/ժ հոսանք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ իր հերթին ներկայացրեց «Էլեկտրաէներգիայի սակագների մեղմացման միջոցառման մասին» որոշման նախագիծը` նշելով՝ նախագծով սահմանվում է, որ ՀՀ կառավարությունը 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, բնակիչ սպառողների և 0.38 կՎ լարմամբ սնվող՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների փոխարեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կվճարի էլեկտրական էներգիայի` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագները մեղմացնելու համար տրամադրվող սուբսիդիաներ։
Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստերից մեկում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Կառավարությունը չի պատրաստվում սպառված էլեկտաէներգիայի դիմաց վճարել ՓՄՁ-ների փոխարեն, ինչն էլ հարուցել էր վերջիններիս դժգոհությունը: