01/09/2015 11:20
«Ալյանս»-ը նախապատրաստվում է ընտրություններին. ՀԺ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» կուսակցությունը կիրակի օրը «Էրեբունի» հյուրանոցում անցկացրել է իր կրկնակի հիմնադիր համագումարը:Նման համագումարի անցկացման անհրաժեշտություն էր ծագել այն բանից հետո, երբ արդարադատության նախարարությունը նախորդ համագումարից հետո հրաժարվել էր գրանցել կուսակցությունը պետռեգիստրում: Ինչպես նշել էին արդարադատության նախարարությունից, ներկայացված փաստաթղթերը պարունակել են անճշտություններ՝ օրինակ ներկայացված փաստաթղթերը համարակալված չէին եղել, կուսակցության կրճատ անվանումը նույնպես առկա չէր եղել ու «Ալյանս»-ը ստիպված էր երկրորդ անգամ համագումար հրավիրել:
«Ալյանս»-ի մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ կուսակցության երկրորդ համագումարին մասնակցել են 219 պատվիրակներ, ընդունվել է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը: Վերջինը, ըստ Քոչարյանի, երկրորդ համագումարի ընթացքում որոշ փոքրիկ փոփոխությունների է ենթարկվել, բացի այդ՝ վերընտրվել է վարչության կազմը՝ 54 անդամով, իսկ վարչության նախագահ է ընտրվել Տիգրան Ուրիխանյանը: Երեկ արդեն «Ալյանս»-ը ներկայացրել էր փաստաթղթերը արդարադատության նախարարություն ու Քոչարյանն ասաց, որ արել են առավելագույնը, որպեսզի թերություններ չլինեն ու արդարադատության նախարարությունը հիմնավորումներ չունենա մերժելու կուսակցության գրանցումը:
Թերթի փոխանցմամբ՝ Ուրիխանյանը հայտարարել է, որ իրենց «նպատակակետը խորհրդարանական ընտրություններն են»՝ այս կամ այն կառավարման մոդելի ու սահմանադրության առկայության դեպքում: