01/09/2015 20:30
Բակո Սահակյանն ընդունել է Եվրոպայի ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Եվրոպայի ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիին, Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սեբաստիային և նրանց ուղեկցող անձանց: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Բակո Սահակյանը նշել է, որ եվրոպական երկրների և կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը՝ ավելացնելով, որ դրա համար կան անհրաժեշտ նախապայմանններ:
Հանդիպման ընթացքում Արցախի նախագահը եվրոպական ատյաններում Արցախի Հանրապետության շահերն ու իրավունքները հետևողականորեն ներկայացնելու համար «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային հանձնել է «Երախտագիտություն» մեդալ:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: