01/09/2015 10:42
Խոսրով Հարությունյանը տարածքային ամբողջականության հարցը հանրաքվեով լուծելու անհրաժեշտություն չի տեսնում
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՀՀ տարածքային ամբողջականության հարցը հանրաքվեով լուծելու անհրաժեշտությունը չի տեսնում: Հիշեցնենք, որ հանրաքվեով տարածքային ամբողջականության հարցի լուծումը ներառված է Սահմանադրության նոր նախագծում, ամրագրված է նախագծի 204 հոդվածով:
«Անհրաժեշտություն չեմ տեսնում, ոչ թե որ մտահոգված եմ՝ հանրաքվեի արդյունքում հայ ժողովուրդը կարող է որոշել իր տարածքային ամբողջականությունը զիջել որևէ մեկին, այլ կարծում եմ՝ քանի որ Հայաստանը Սահմանադրությամբ հռչակվում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական պետություն և միջազգային հանրությանը հայտնի է իր սահմաններով, դրա համար հանրաքվեով տարածքային ամբողջականության գաղափարի ամրապնդման թեզի անհրաժեշտություն չեմ տեսնում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է պատգամավորը: