01/09/2015 16:22
ԲՀԿ պատգամավորները հանդիպել են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ
Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Դռնփակ հանդիպմանը, որը տևել է մի քանի ժամ, մասնակցել են խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ՝ Միքայել Մելքումյանը, Աբրահամ Մանուկյանը, Վահե Էնֆիաջյանը, ինչպես նաև Վահան Բաբայանը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում վերջինս նշեց, որ հանդիպմանը մասնակցել են մասնագիտական հանձնաժողովի անդամներից Հրայր Թովմասյանը և Վարդան Պողոսյանը:
«Դա ընդամենը իրավաբանների հետ հանդիպում էր, որին մասնակցում էին Հրայր Թովմասյանն ու Վարդան Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում մեր պատգամավորների կողմից բազմաթիվ հարցեր ու առաջարկություններ են հնչել, որոնք կապված են նոր փոփոխությունների հետ: Դրանք եղել են ինչպես փորձագետների, սահմանադրագետների, այնպես էլ՝ պատգամավորների կողմից: Մեր պատգամավորներն ամենմայն մանրամասնությամբ հետաքրքրվել են տարբեր դրույթների մասին, որոնք վերաբերում են կայուն մեծամասնության ձևավորմանը, ընտրիչների համակարգին, ինչպես նաև հանրապետության նախագահի լիազորություններին, ԱԺ և վարչապետի անվստահությանը և այլ կարևոր հարցերի»,- մանրամասնեց ԲՀԿ խոսնակը՝ նշելով, որ քննարումներն ընթացել են հետաքրքիր ու դրական մթնոլորտում:
«Կարծում եմ՝ այս քննարկումները հետագայում դրական ազդեցություն կունենան սահմանադրական բարեփոխումների նոր նախագծի վերջնական տարբերակի վրա»,- ասաց պատգամավորը:
Մեր դիտարկմանը՝ ԲՀԿ մատնանշված կետերի հետ կապված եղե՞լ են նոր առաջարկներ, Վահան Բաբայանը պատասխանեց, որ առհասարակ ԲՀԿ-ի ներկայացրած բոլոր առաջարկներն ունեն կենսական նշանակություն ինչպես նոր Սահմանադրության, այնպես էլ՝ երկրի կայուն զարգացման համար:
«Մենք ունենք մեր դիտարկումներն ու առաջարկությունները, որոնց մասին դեռևս հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը բարձրաձայնել ենք: Դրանք ներկայացրել ենք նաև Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Պարզապես այդ առաջարկություններն այսօր քննարկեցինք ավելի նեղ մասնագիտական շրջանակներում, քանի որ դրանք նեղ մասնագիտական եզրույթներ ու ունեն իրավաբանական բնույթ»,- ասաց Վահան Բաբայանն՝ ավելացնելով.
«Սա քննարկում էր, ոչ թե ինչ-որ դոգմատիկ բանակցություն, որ ինչ-որ բան ընդունվի, կամ՝ ոչ»: