01/09/2015 13:01
Աշոտյան. Խնդրում եմ՝ տեսախցիկներով իմ անձնական կյանք մի ներխուժեք
Պետական հիմնական դպրոցներին վստահում եմ և ծնողներին խորհուրդ եմ տալիս իրենց երեխաներին տանել պետական հիմնական դպրոց, բայց խնդրում եմ՝ տեսախցիկներով իմ անձնական կյանք մի ներխուժեք: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վերջին օրերին քննարկվող այն հարցին, թե ինչու՞ են իր որդիները մասնավոր դպրոցում սովորում ու արդյոք նախարարը նրանց ուսման համար կարո՞ղ է իրեն թույլ տալ 5 մլն դրամի հասնող գումար վճարել:
«Բոլորը կարող են ուսումնասիրել իմ եկամուտների հայտարարագիրը, որից պարզ կդառնա, որ ես կարող եմ դա ինձ թույլ տալ: Եվ ինչպես յուրաքանչյուր հայ ծնող՝ ես էլ երեխաներիս կրթության ու առողջության վրա չեմ խնայում»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանն ավելացրեց, որ եթե ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների երեխաները կարող են մասնավոր վճարովի դպրոցում սովորել, ապա ինքը հանգիստ դա կարող է իրեն թույլ տալ:
Միաժամանակ նախարարը ևս մեկ անգամ կրկնեց՝ ծնողները հանգիստ կարող են իրենց երեխաներին տանել պետական դպրոց և հիշեցրեց, որ տարրական դպրոցի հաջողության գաղտնիքը առաջին ուսուցչուհին է, ոչ թե շքեղությունը, նորամուծությունները կամ էլ նորաձևությունը.
«Կարող է շատ լավ վերանորոգված դպրոց լինել, բայց վատ դասվար լինել, և հակառակը: Հմուտ ծնողներն իրենց երեխաներին տանում են այն ուսուցիչների մոտ, ովքեր իսկապես լավն են»,- ամփոփեց նախարար Աշոտյանը: