01/09/2015 16:09
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ցավակցական հեռագրում ասված է.
«Մեծ ցավով տեղեկացա ականավոր ռազմական ու պետական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանի մահվան մասին:
Գուրգեն Դալիբալթայանը մեծ ավանդ է ունեցել հայոց բանակի կազմավորման ու զորացման գործում՝ իր անունը թողնելով հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Գուրգեն Դալիբալթայանի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին ու մերձավորներին և խոր վշտի այս ծանր պահին մաղթում արիություն ու ոգու կորով»: