01/09/2015 10:10
Կառավարության, նախարարությունների աշխատակիցները սեպտեմբերի 3-ից տուն չեն գնալու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, հինգշաբթի օրվանից՝ սեպտեմբերի 3-ից, ՀՀ Կառավարության, նախարարությունների և մնացած գերատեսչությունների աշխատակազմը, հատկապես արական սեռի ներկայացուցիչները, տուն չեն գնա, կմնան իրենց աշխատատեղերում։ Թերթի աղբյուրների վկայությամբ՝ այդ օրերին Հայաստանում նախատեսվում է կազմակերպել լայնամասշտաբ զորավարժություններ։
Նպատակն այն է, որ գերատեսչությունները զորավարժությունների շրջանակներում սկսեն գործել այնպես, ինչպես կանեին պատերազմական իրավիճակի դեպքում։ Տեղեկացնենք, որ կազմակերպվելիք միջոցառումը լայնամասշտաբ է լինելու, և ամեն ինչ հնարավորինս մոտեցված է լինելու իրական պատերազմական վիճակին։
Այսինքն՝ այդ օրերին Կառավարության, ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի հատուկ նիստեր կգումարվեն, և այլ փակ միջոցառումներ կիրականացվեն։ Գերատեսչությունների աշխատակիցների մի մասը, հնարավոր է, աշխատանքի ներկայանան զինվորական համազգեստով և այսպես շարունակ։
Տարածված տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով հաստատել է զորավարժություններ անցկացնելու մասին լուրերը՝ հավելելով.
«Պետք չէ խուճապի մատնվել, մենք տարվա ընթացքում ունենում ենք պլանային միջոցառումներ, որոնք հնարավորինս արտահայտում են մարտական գործողությունները, նմանեցվում է մարտական իրավիճակին»: