01/09/2015 20:05
Խոստանում եմ լավ սովորել ու բանկի կառավարիչ դառնալ. Փոքրիկ Լաուրայի առաջին դպրոցական օրը
Փոքրիկ Լաուրան այսօր առաջին անգամ ոտք է դրել դպրոց: Այսուհետ թիվ 79 միջնակարգ դպրոցում են անցնելու նրա լավագույն օրերը:
Լաուրան իր դասվար ընկեր Մուշեղյանին արդեն սիրում է ու խոստանում ՝ լսել նրան, չբարկացնել ու լավ սովորել:
«Ցանկանում եմ Հայաստանի համար պիտանի մարդ դառնալ, օրինակ՝ բանկի կառավարիչ»,- Aysor.am-ի հետ իր երազանքով կիսվեց փոքրիկ աշակերտուհին:
Լաուրային առաջին հայացքից դպրոցում ամեն ինչ դուր է եկել՝ ասարանը, նոր ընկերներն, անգամ պատից կախված մեծ պապիկի նկարը (նկատի ունի Մեսրոպ Մաշտոցին - Aysor.am):
«Դպրոցում առաջինը օրը շատ հետաքրքիր անցավ: Ես արդեն ունեմ նոր դասագրքեր, տետրեր, գրիչներ, գունավոր մատիտներ, ալբոմ ու մի մեծ պայուսակ, որի մեջ կլցնեմ միայն ու միայն 5-եր: Պապիկին ու տատիկին եմ խոստացել»,- ասաց Լաուրան՝ ավելացնելով.
«Այսօր երգեցինք, արտասանեցինք.... Խոստացանք դպրոցն ու դասարանը մաքուր պահել, դասերից չուշանալ ու լավ սովորել: Դպրոցից շուտ ենք տուն գնում, իսկ մանկապարտեզում ստիպված էինք լինում մնալ մինչև երեկո: Այստեղ շատ հետաքրիր է: Իսկ ընկեր Մուշեղյանը շատ բարի է: Բարի է նաև դասընկերս, ում հետ պետք է նստեմ միևնույն դասասեղանին, երևի մի տաս տարի: Խոստանում եմ նրա հետ էլ չկռվել (ժպտում է)»: