01/09/2015 13:39
Տնտեսագետ. Երրորդ եռամսյակում ևս տնտեսական աճ կունենանք
Արձակուրդից վերադառնալուն պես վարչապետ Հովիկ Աբրահամյանը լավ լուր հայտնեց՝ երկրորդ եռամսյակում արձանագրվել է 5.1 տոկոս տնտեսական աճ և արդյունքում ունենք 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ: Aysor.am-ի հետ զրույցում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս տվյալներին անդրադառնալով՝ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն ասաց, որ դրանք նախևառաջ վկայում են, որ մեր տնտեսությունում աճի միտումներ են նկատվում՝ ի հակառակ վատատեսական կանխատեսումների:
Ճիշտ է, աճը առավելապես գյուղատնտեսության ոլորտում է, քանի որ տարին բավականին հաջող էր այս ոլորտի համար, բայց միանշանակ է, որ նաև հետագայում՝ մինչև տարեվերջ, Հայաստանի տնտեսությունում դրական միտումներ կլինեն:
«Եթե սրան համադրենք նաև այն հանգամանքը, որ մի քանի ամիս միջազգային հեղինակավոր կազմակերպությունները՝ Fitch, Moody's, Համաշխարհային բանկը և այլն մոտ զրոյական, իսկ որոշները նաև բացասական տնտեսական աճ էին կանխատեսում մեր երկրի տնտեսության համար, ապա ըստ էության ստացվում է, որ այդ կանխատեսումները այդքան էլ չեն իրականանում: Եվ փաստացի մեր երկրի տնտեսությունը որոշակի աշխուժություն է արձանագրում»,- նշեց Կ.Խաչատրյանը:
Նա ընդգծեց՝ կարևորն այն է, որ այս միտումն անշուշտ տարածում կունենա նաև այլ ոլորտների վրա, քանի որ գյուղատնտեսությունը փոխկապակցված է, օրինակ, վերամշակող արդյունաբերության և մյուս ոլորտների հետ:
Կառլեն Խաչատրյանը համաձայնեց այն դիտարկման հետ, որ գյուղատնտեսության ոլորտի հաջող տարին իր ազդեցությունն ունեցավ նաև արտահանման ծավալների ավելացման վրա, ինչը նաև պայմանավորված է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացի ու ըստ այդմ ավելի մեծ սպառման շուկա ունենալու հանգամանքով: Բայց կարո՞ղ ենք ակնկալել, որ այդպես կլինի հետագայում ևս ու գոնե արտահանման տեսանկյունից դրական միտումները կպահպանվեն.
«Եթե մենք դիտարկում ենք արտահանման դինամիկան, ապա գյուղարտադրանքի մասով այս տարի ավելացման որոշակի միտում կա: Բայց ընդհանուր արտահանումը աճ դեռևս չի արձանագրում»,- նշեց նա:
Ու թեև կանխատեսելը անշնորհակալ գործ է, այդուհանդերձ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կանխատեսում ունի տնտեսագետը չորրորդ եռամսյակի վերաբերյալ.
«Իրավացի եք՝ անշնորհակալ գործ է: Բայց հիշենք, որ ոչ մի տնտեսագետ երկրորդ եռամսյակի համար 5 տոկոսի աճ չէր կանխատեսել, մինչդեռ կյանքը ցույց տվեց, որ այդպիսի ցուցանիշ արձանագրեցինք: Առաջին երկու եռամսյակների տվյալները համադրելով ես կարծում եմ, որ երրորդ եռամսյակում ևս մենք աճ կունենանք»,- ավելացրեց Կառլեն Խաչատրյանը: