01/09/2015 17:38
«Ոչ թալանին». Կառավարությունը «կռուտիտ» է լինում
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ինչպես և նախապես հայտարարվել էր, հավաքվել են Սիրահարների այգում՝ քննարկելու իրենց հետագա անելիքները:
Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հավաքի ժամանակ հայտարարեց՝ Կառավարությունն այնպիսի քայլերի գնաց, որ ակցիան կրկին պառակտվի (խոսքը վերաբերում է նախօրեին արված հայտարարությանն այն մասին, որ Կառավարությունը կսուբսիդավորի նաև ՓՄՁ-ների սպառած էլեկտրաէներգիայի ավելացված 7 դրամը-խմբ.), սակայն այս անգամ նրանք դա թույլ չեն տալու:
Մաքսիմ Սարգսյանն ընդգծեց՝ այսօր սկսվում է պայքարի նոր փուլ, որով իրենք պատրաստվում են վերջնականապես կանխել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:
«Մեզ համար անընդունելի ու անհասկանալի ինչ-որ հայտարարություններ են հնչում թե՛ կառավարության, և թե՛ ՀԷՑ-ի կողմից: Իշխանությունները կրկին փորձում են հասարակությանը բաժանել մասերի ու կիսատ լուծումներ գտնել, ինչն անընդունելի է: Այդ որոշումներն ու հայտարարությունները խնդրի էական լուծում չեն ապահովում: Կառավարությունն իրեն բնորոշ քայլերով առաջ է գնում, գողական ժարգոնով ասած` «կռուտիտ է» լինում»,- հայտարարեց Սարգսյանը՝ հիշեցնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որում նշվում էր՝ մինչև աուդիտի ավարտը հոսանքի սակագնի հավելավճարը կվճարի կառավարությունը:
Նա կոչ արեց բոլորին անտեսել նաև Կառավարության երեկվա նիստում արված հայտարարությունը, որը վերաբերում էր ՓՄՁ-ներին, և միանալ բողոքի ակցիանեին:
«Հասարակ բնակիչը, չլինելով ՓՄՁ ձեռնարկատեր, տանը եթե առանց խնայողության հոսանք օգտագործի այդ 200 կիլովատն ամբողջությամբ կսպառի: Ուստի, այս վերջին երկու օրերին եղած հայտարարություններից որևէ մեկը մեզ համար ընդունելի չէ և որևէ կերպ չի անդրադառնալու մեր հետագա պայքարի վրա: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիրը բոլորի խնդիրն է»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Կառավարությունը երեկվա նիստում որոշում ընդունեց օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի դիմաց արտաբյուջեից վճարել նաև ՓՄՁ այն ներկայացուցիչների հավելավճարները, որոնք ամսական սպառում են 250 կվ/ժ հոսանք։
Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց նաև, որ պայքարի ցանկացած տարբերակ կարող են կիրառել, ամեն ինչ կախված է նրանից, թե քննարկումների ժամանակ ինչ կորոշի:
«Բաղրամյանի կրկնություն հնարավոր է, որովհետև Բաղրամյան դուրս եկան մարդիկ տեսան՝ իրենց թալանում են, իսկ թալանի պրոցեսն այսօր էլ շարունակվում է»,- ամփոփեց Մաքսիմ Սարգսյանը: