02/09/2015 18:07
ՀՀ մարզերում չե՞ն լսել հղիության դեղորայքային կամ վակուումային ընդհատումների մասին
Հղիության ընդհատումների թիվը՝ վիժումները, Հայաստանում վերջին 30 տարիների կտրվածքով կայուն նվազման միտում են արձանագրել:
Եթե 1983թ-ին Հայաստանում վիժումների թիվը պաշտոնապես 33 158 էր, ապա 2014թ-ին՝ 12 019: Այս տվյալները բերված են Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքում: Թեև հարկ է հիշել, որ անցած 30 տարիների ընթացքում նվազել է նաև Հայաստանի բնակչությունը:
2014թ-ին 12 019 վիժումներից միայն 3640-ն է եղել ինքնաբեր (սպոնտան): 2212-ը կատարվել են բժշկական ցուցումով, այդ թվում՝ 53-ը դեղորայքների միջոցով, իսկ 74-ը՝ վակուում-ասպիրացիայի միջոցով: Այսինքն ՝ 6040 վիժում (աբորտ) կատարվել է կնոջ ցանկությամբ:
Այս թվի մեջ, թերևս, կարող ենք փնտրել նաև իրական սպառնալիք հանդիսացող պտղի սեռով պայմանավորված աբորտների տարեկան թիվը, քանզի ավելի կոնկրետ վիճակագրություն այս մասով պարզապես չկա:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալների համաձայն՝ Հայաստանում տարեկան շուրջ 1500 աբորտ պայմանավորված է սեռով:
Տարեգրքում ներկայացված թվերը մի ուշագրավ փաստ էլ են արձանագրում՝ Հայաստանի մարզերում աբորտները կատարվում են ավանդական եղանակով, իսկ ավելի ժամանակակից մեթոդները՝ վակուում-ասպիրացիան կամ դեղորայքների միջոցով հղիության ընդհատման մասին մարզերում կարծես չեն էլ լսել:
Այդպես, 2014թ-ին, ինչպես արդեն նշեցինք, 53 աբորտ կատարվել է դեղորայքների միջոցով, իսկ 74-ը՝ վակուում ասպիրացիայի եղանակով: Ընդ որում, 53-ն էլ կատարվել են բացառապես մայրաքաղաք Երևանում: Ինչ վերաբերում է վակուումի միջոցով արված աբորտներին, ապա այս դեպքում մարզերում են կատարվել միայն երկուսը՝ մեկը Արարատում, մյուսը՝ Տավուշում: Մնացած 72 դեպքը դարձյալ գրանցվել է մայրաքաղաքում:
Խնդիրը այն է, որ, օրինակ, դեղորայքային եղանակով հղիության արհեստական ընդհատումը թույլատրվում է միայն մինչև հղիության 6-7 շաբաթը, իսկ վակուումայինը՝ մինչև 5 շաբաթական հղիություն:
Երբ ուսումնասիրում ենք վիճակագրական թվերը, որոնք ներկայացված են տարեգրքում, ապա տեսնում ենք՝ վիժումների ընդհանուր թվից՝ 12019 -ից 10536-ը բաժին են ընկել հղիության մինչև 12 շաբաթ ժամանակահատվածին:
Ըստ մարզերի տվյալների՝ թույլատրված արհեստական ընդհատումների թվային պատկերը հետևյալն է.
Լոռիում՝ 974, Արարատում՝ 352, Արմավիրում՝ 354, Կոտայքում՝ 607, Գեղարքունիքում՝ 240 և այլն:
Միայն Վայոց ձորում է, որ 2014թ-ին կատարվել է 9 թույլատրված արհեստական ընդհատում մինչև 12 շաբաթական ժամկետում: Տրամաբանական հարց է ծագում՝ ինչպե՞ս է հնարավոր, որ մարզերում՝ նույն Լոռիում, որտեղ հղիության արհեստական ընդհատումների ամենաբարձր ցուցանիշն է, չգրանցվի դեղորայքային կամ վակուումային ընդհատման որևէ դեպք:
Պետք է նշել, որ պաշտոնական տվյալներում չեն արտացոլվում տան պայմաններում դեղորայքային եղանակով հղիության ընդհատման դեպքերը: Իսկ դրանք, անշուշտ, որքան էլ ցավալի է՝ տեղ ունեն մեր իրականության մեջ և, հաշվի առնելով, դեպքերի մարզային վիճակագրությունը, կարծես թե հենց մարզերում: