02/09/2015 10:40
Մոր կողմից ծանր վնասվածքներ ստացած փոքրիկ Ֆրունզիկին երեկ դպրոց ուղեկցեց Նաիրա Զոհրաբյանը
Նախօրեին՝ սեպտեմբերի 1-ին, ուրախ-պաշտոնական լրահոսի մեջ այդպես էլ չերևացին այն երեխաների անուններն, ովքեր այդ տոնական օրն ուզում են, բայց չեն կարողանում գնալ դպրոց: Մինչ այս կամ այն պաշտոնյան, շրջապատված լրագրողներով, շրջում էր երևանյան դպրոցներից մեկում ու խոսում կրթության կարևորության մասին, սոցիալական ցանցերում քննարկվում էին այն առանձին դեպքերը, երբ երխան ընտանիքի սոցիալական ծանր պայմանների պատճառով, զուրկ լինելով անգամ հագուստից բաց է թողնում իր կյանքի ամենակարևոր օրերից մեկը:
Փետրվարին Երևանի Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի էր ունեցել հրդեհ, որի հետևանքով նույն բնակարանի բնակչուհի, 1968 թվականին ծնված Աննա Բադալյանը՝ «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի» և վերջինիս անչափահաս, 9-ամյա որդին՝ Ֆրունզիկը՝ «բաց գանգուղեղային վնասվածք և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն։ Ավելի ուշ պարզվել էր, որ երեխայի գլխին մուրճով վնասվածքներ հասցրել է հենց մայրը, հրդեհել բնակարանը՝ փաստացի՝ իրեն ու որդուն, և մի քանի օր անց մահացել հիվանդանոցում:
Երեխայի կյանքը հաջողվել էր փրկել:
Aysor.am-ը տեղեկացավ, որ նախօրեին փոքրիկ Ֆրունզիկը գնացել է դպրոց:
Երևանի թիվ 141 հիմնական դպրոց նրան ուղեկցել է անձամբ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով բուժման ընթացքում էլ մի քանի անգամ այցելել էր երեխային:
Ֆրունզիկը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի լիարժեք առողջանա: Հոկտեմբերին նրան բարդ վիրահատություն է սպասվում։ Այնուամենայնիվ, այսքան դժվարությունների միջով անցած փոքրիկի դեմքին այս օրերին ժպիտ կա: Չէ ո՞ր նա էլ իր հասակակիցների նման դպրոց է գնում...