02/09/2015 17:53
Թևան Պողոսյան. Հայկական անվտանգությունը սկսվում է Արցախի առաջնագծից
Ազգային-ազատագրական պայքար սկսելու որոշումն էր, որ Արցախին բերեց անկախացման և երկու հայկական պետությունների կայացման։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Պատգամավորի համոզմամբ՝ ուժեղանալով ու զորանալով Արցախը առաջիկայում հասնելու է միջազգային ճանաչման ու ունենալու է անկախության մեկ տոն՝ երկու հայկական պետությունների միավորման ժամանակ։
«Արցախի ազատագրման առաջին փուլը եղել է ազգային-ազատագրական, իսկ այսօր այն թևակոխել է պետական շինարարության փուլ, որում բավականին լուրջ հաջողություններ են գրանցվել: Իրականում հայկական անվտանգությունը սկսվում է հենց Արցախի առաջնագծից: Ես կասեի նույնիսկ, այդ սահմանը եվրոպական քաղաքակրթության առաջնագիծն է: Արցախը նույնպես պատկանում է եվրոպական ընտանիքին»,- ասաց պատգամավորն՝ ավելացնելով.
«Հույս ունեմ, որ ապագայում Արցախը կլինի ճանաչված պետություն ու կունենանք մեկ միասնական Հայաստան»:։
Ըստ Թևան Պողոսյանի, ցանկացած հարցի կարգավորման հեռանկար կախված է հետևողական քայլերից:
«Չպետք է թույլ տալ, որ ուրիշի շահերը բավարարվեն։ Եթե մենք կարողանանք ստեղծել հզոր տնտեսություն, բնականաբար, հեռանկարները լինելու են հայանպաստ։ Եթե չկարողանանք մեր առջև դրված խնդիրները ինքներս լուծենք՝ չունենանք հզոր բանակ, ժողովրդավար երկիր, ուժեղ տնտեսություն, կունենանք դժվարություն նաև մեր շահերը առաջ տանելու հարցում»,- ասաց պատգամավորը:
Թևան Պողոսյան նկատեց, որ Արցախում տարեցտարի և՛ միջազգային տուրիզմն է զարգանում, և՛ ներքին տուրիզմը.
«Բնականաբար, այս ամենի հետ մի օր էլ գալու է այն գիտակցությունը, որ Արցախի հետ պետք է նստել սեղանի շուրջ ու հաշվի առնել նրա կարծիքը»,- շեշտեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ այսօր թշնամիները փորձում են ԼՂ խնդիրը սխալ ներկայացնել միջազգային ատյաններում, բայց մենք պետք է հարթենք մեզ համար ճանապարհ, ինչպես դիվանագիտական ճանապարհով, այնպես էլ՝ հզոր բանակ ունենալով։
«Այսօրվա դրությամբ մեր բանակը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրը, բայց պետք է գիտակցենք, որ պատերազմը դեռ չի ավարտվել։ Առաջնագծում ռեալ պատերազմական գործողություններ են ընթանում։ Պետք է թույլ չտանք, որ մարտի դաշտում անհաջողություններ լինեն: Սա էլ իր հերթին ճանապարհ է հարթում, որպեսզի դիվանագիտությունն աշխատի»,- ամփոփեց պատգամավորը: