02/09/2015 10:00
Մահվան հերթական դեպք՝ բժիշկների սխալի պատճառով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ում կարդում ենք «Երեկ՝ ճիշտ այն ժամանակ, երբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել էր Երևանի թիվ 8 դպրոց և ուսուցիչների հետ լուսանկարվելու համար տարբեր դիրքեր էր ընդունում, մայրաքաղաքում երիտասարդ կնոջ՝ երեք անչափահաս երեխաների մոր մահվան հերթական դեպքն արձանագրվեց։
Վարդենիսի բնակիչ 39-ամյա Կարինե Աղաբեկյանի մահվան փաստն արձանագրվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, սակայն մահվան պատճառ դարձած վիրահատությունը կատարվել է «Մոր և մանկան առողջության պահպանման» բժշկական կենտրոնում՝ Մարգարյան հիվանդանոցում։
Կինը երկու շաբաթ առաջ, այսպես կոչված, փակ եղանակով շարքային վիրահատության է ենթարկվել, սակայն վիրահատությունը ճիշտ չի ընթացել, և լաբորասկոպիայի ընթացքում վնասվել են այլ առողջ օրգաններ։ Դրանից հետո Կարինե Աղաբեկյանին անմիջապես տեղափոխել են «էրեբունի» բ/կ, որտեղ բժիշկները մոտ երկու շաբաթ պայքարելուց հետո այդպես էլ չեն կարողացել փրկել կնոջ կյանքը, և երեկ նա մահացել է։
Հետաքրքիր է՝ նման քանի՞ դեպք պետք է արձանագրվի, որ ոլորտի պատասխանատուները և մասնավորապես ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, տեղից շարժվեն՝ սկսելու կատարել իրենց պարտականությունները»։