02/09/2015 17:25
Կենդանասերները ահազանգում են. «Շապիտո» պետերբուրգյան կրկեսում տանջում են կենդանիներին
«Դելֆինարիումի» դեմ պայքարելուց հետո կենդանասերները պայքարի են դուրս եկել նույն տարածքում գործող «Շապիտո» կրկեսի դեմ, որը եկել է Պետերբուրգից ու տխրահռչակ համբավ ունի նաև Ռուսաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը:
Նրա խոսքով՝ իրենք ահազանգ են ստացել, որ Կոմիտասի այգում գտնվող, Պետերբուրգից եկած կրկեսում կենդանիներին շահագործում են:
Երբ գնացել են ահազանգի հետքերով, տեսել են, որ 4-5 ուղտի կապել են ծառերից, իսկ այգում գարշահոտություն է տիրում:
Սիլվա Ադաամյանի խոսքով՝ մարզիչները տանջում են կենդանիներին:
«Հայտնի է, թե վարժեցնելը ինչ ծանր ու վտանգավոր է նման կենդանիների համար: Այդ ամենն արվում է ուժով, նաև՝ սովի մատնելով կենդանուն»,- բացատրեց Ս. Ադամյանը:
Նա նշեց, որ իրավիճակին ծանոթանալուց հետո իրենք նամակ են ուղարկելու քաղաքապետին՝ պահանջելով լուծում տալ ստեղծված իրավիճակին: