02/09/2015 14:05
ՏՄՊՊՀ-ն «Մարաթուկի» անբարեխղճության վերաբերյալ որոշումը կընդունի երկու շաբաթ անց
«Մարաթուկ» տուրիստական գործակալության դեմ ներկայացված դիմումը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կքննարկի երկու շաբաթ անց: Այսօրվա նիստում, որն անցավ դռնփակ հենց ՏՄՊՊՀ որոշմամբ, կողմերը որևէ կոնկրետ հայտարարի չեն եկել:
Նշենք, որ դիմամատուն՝ Մելինե Բեգլարյանը, maratuk.com կայքից ծանոթացել է ընկերության «Երևան-Կրետե-Երևան» տուրիստական փաթեթի մասին գովազդին՝ 280 000 դրամ արժեքով: Սակայն զանգահարելով ընկերություն տեղեկացել է, որ փաթեթները նախատեսված են միայն օգոստոսի 21-27-ն ընկած ժամանակահատվածի համար, մինչդեռ գովազդում նշված է եղել, որ չվերթները կլինեն հունիսի 30-ից:
«Մարաթուկը» մեղադրվում է «Տնտեսական պաշտպանության մասին» օրենքի հատկանիշներով՝ անբարեխիղճ մրցակցության համար: Ընկերությունը, սակայն, համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ, այնուամենայնիվ, նշում է, որ վերջնական դիրքորոշում կհայտնի հաջորդ նիստի ժամանակ:
Aysor.am-ի հետ զրույցում դիմումատու Մելինե Բեգլարյանը բացատրեց՝ իրեն հետաքրքում էր փաթեթը մինչև օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածի համար: Ինքը խնդրել է առաջարկել համարժեք այլ փաթեթ՝ նույն գնով, սակայն ընկերության աշխատակիցները «բավական կոպիտ տոնով, ագրեսիվ պատասխանել են, որ հեռախոսով նման տեղեկատվություն չեն տրամադրում»:
Քաղաքացին դիմել է սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ արդյունքում կազմվել է վարույթ, որի վերաբերյալ քննարկումն էլ հետաձգվել է երկու շաբաթով: