02/09/2015 11:30
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Ուղերձում ասված է.
«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների ու անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ողջ եղբայրական ժողովրդին` Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:
1990 թվականը ճակատագրական դարձավ Մերձդնեստրի պատմության մեջ: Երկիրը կանգնեց անկախ պետականության կերտման ուղու վրա:
Դա բարդ և փշոտ ճանապարհ էր: Սակայն Մերձդնեստրի ժողովուրդը հերոսաբար հաղթահարեց բոլոր մարտահրավերները, փայլուն հաղթանակներ տարավ, ստեղծեց պետություն՝ ցույց տալով անձնվիրության և հայրենասիրության արժանի օրինակ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ` հարգարժան Եվգենի Վասիլիի, և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ողջ ժողովրդին այս մեծ տոնի կապակցությամբ:
Խաղաղություն, բարգավաճում, հետագա հաջողություններ և ձեռքբերումներ եղբայրական Մերձդնեստրին»: