02/09/2015 15:27
Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը մասնակցել են Ստեփանակերտում «Թումոյի» բացմանը
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել են Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ նման կենտրոնի գործունեությունը նոր որակ կհաղորդի Արցախում երիտասարդների շրջանում մտավոր ներուժի զարգացմանը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման գործընթացին:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայ բարեգործական ընդհանուր միությանը, «Սիմոնյան» հիմնադրամին և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը հայրենանվեր այս նախաձեռնությունն իրականացնելու համար` նշելով, որ դա Արցախի հանրապետությունում մարդկային կապիտալի զարգացման գործում լավագույն ներդրումներից է:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրեր Հայաստանից և արտերկրից: