02/09/2015 14:32
Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրեն է նշանակվել
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը սեպտեմբերի 1-ից նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը:
Նրա խոսքով՝ Զարզանդ Նիկողոսյանը երկու կարմիր դիպլոմ ունի, որոնցից մեկը մանկավարժ-մարզչի դիպլոմ է:
«Զարզանդ Նիկողոսյանը դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եղել: Նրան փոխտնօրեն նշանակելու որոշումը ես եմ կայացրել, բայց դա պայմանավորված է եղել նրա մարդկային և մասնագիտական կարողություններով, որի համար նրան ամբողջ մանկավարժական կոլեկտիվն է սիրում: Նրա նշանակումից դպրոցի կոլեկտիվն ու աշակերտները միայն շահում են»,- ասաց տնօրենը:
Հարցին՝ արդյոք այդ որոշումը կայացնելու հարցում չի՞ մտահոգել այն հանգամանքը, որ նրա անունը շրջանառվում է մի շարք քրեական գործերում, Մ. Դավթյանը ասաց՝ փաստն այն է, որ նրա մեղքը չի ապացուցվել:
ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այս առիթով Aysor.am-ի թղթակցին ասաց, որ իրենց տեղյակ չեն պահում փոխտնօրենների նշանակման մասին:
Մեր դիտարկմանը, որ դպրոցի փոխտնօրեն է նշանակվել անձ, ում անունը շրջանառվում է քրեական գործերում, նա պատասախենց՝ եթե նա զրկված չէ մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունքից և չկան այլ օրինական խոչընդոտներ, ապա նա կարող է աշխատել դպրոցում:
«Եթե լինի ահազանգ, մենք կարող ենք գրավոր հարցում ուղարկել դրա վերաբերյալ»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Զարզանդ Նիկողոսյանը հայտնի է որպես Սյունիքի մարզպետի թիկնապահ, ում անունը շրջանառվում է մի շարք քրեական գործերում:
Մասնավորապես, հուլիսի 7-ին ժամը 04.00-ին, ոստիկանության Կապանի բաժնի շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում նկատել են մի քաղաքացու, ով քարով հարվածել և կոտրել է նշված փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողները հետապնդել և բերման են ենթարկել վերջինիս: Պարզվել է, որ նշված անձը 1978 թ. ծնված Զարզանդ Նիկողոսյանն է:
Բացի այդ Զարզանգ Նիկողոսյանի անունը շրջանառվում է Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության գործում: