02/09/2015 13:39
Վարդան Խաչատրյան. Սահմանադրության փոփոխությամբ փոխվելու է ամբողջ իրավական դաշտը
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը լուրջ քննադատության չի դիմանում, քանի որ այդ նախագծում հնարավոր չէ գտնել այն քաղաքական որակները, որոնք պետք է առանձնացված լինեն կամայական Սահմանադրությունում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավաբան Վարդան Խաչատրյանն` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նոր նախագծին:
«Սահմանադրությունն օրենք է օրենքների մասին, որի վրա էլ խարսխվում են մյուս բոլոր օրենքները, և եթե մենք փոփոխում ենք հսկայական Սահմանադրությունը, դա խոսում է այն մասին, որ այն բերելու է ամբողջ իրավական դաշտի փոփոխությանը»,- ասաց նա:
Ըստ Խաչատրյանի՝ անթույլատրելի է առկա նեգատիվ դինամիկայի պայմաններում, ինչպես օրինակ՝ արտագաղթն է, Սահմանադրությունը փոխելը:
Անդրադառնալով մի շարք ընդդիմադիր ուժերի հանդիպումներին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Խաչատրյանն ասաց, որ գործող քաղաքական դաշտը մանիպուլացված է, ինչի պատճառով էլ հնարավոր եղավ սահմանադրական փոփոխություններին դեմ քաղաքական ուժերից մեկին բերել «կողմ»-ի դաշտ:
Բանախոսն ընդգծեց՝ ամեն դեպքում հանդիպումները որևէ արդյունք տալ չեն կարող: