02/09/2015 12:09
Տավուշում վիրավորված զինվորներից մեկի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ
Նախօրեին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սահմանի Տավուշի մարզի ուղղությամբ վիրավորվել է ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայող: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ վիրավորում են ստացել զինծառայողներ Վլադիմիր Գևորգյանն ու Գոռ Գևորգյանը:
Նրանք տեղափոխվել են Բերդի զինհոսպիտալ, որտեղ Գոռ Գևորգյանը շտապ վիրահատվել է ու տեղափոխվել Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ.
«Գոռի մոտ որովայնի հրազենային թափանցիկ վիրավորում է, կրծքավանդակի վնասվածք, ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ: Բերդում նրան վիրահատել են, վիճակը կայունացել է ու տեղափոխել են մեզ մոտ»,- Aysor.am-ին ասաց հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը:
Նրա խոսքով Գոռ Գևորգյանի վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:
Մյուս զինվոր Վլադիմիր Գևորգյանի վիճակը գնահատվում է բավարար, նա Բերդի հոսպիտալում է:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ գիշերվա համեմատ այս պահին սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է: