03/09/2015 19:25
Ադրբեջանական «խորամանկություն», որը պիտի ավարտվի հակաահաբեկչական գործողությամբ
Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, իսկ ավելի կոնկրետ՝ Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում, բնորոշելը բավական բարդ է:
Զուտ ռազմագիտական առումով տեղի ունեցածը կոչել «լայնամասշտաբ ռազմական գործողություններ» հնարավոր չէ, քանի որ բացակայում է այս բնորոշման հիմնական բաղկացուցիչը՝ «լայնամասշտաբը»: Փոխարենը, սակայն, արդեն իսկ հստակ է, որ Ադրբեջանը սկսել է կիրառել նոր ռազմավարություն, որն էապես տարբերվում է, ասենք, սրան նախորդած շրջանում կիրառված գործելաոճից: Այն է՝ դիվերսիոն-հետախուզական գործողությունների արդյունքում կրելով հսկայական կորուստներ, ադրբեջանական կողմը որոշել է տարածություն պահպանել: Ըստ որում, հատկանշական է հանգամանքը, որ գնդակոծությունների ու հրետակոծությունների թիրախ են դառնում ոչ թե ԼՂՀ սահմանամերձ բնակավայրերը, այլ բուն Հայաստանի տարածքը: Եվ սա, եթե կարելի է այդպես արտահայտվել, ունի իր «կուռ տրամաբանությունը»:
Կասկածի տեղին անգամ չի տալիս, որ պաշտոնական Բաքուն այս կերպ փորձում է սադրել հայկական զինված ուժերին և հասնել նրան, որ հայկական բանակը դիմի պատասխան գործողությունների ու ոչնչացնի հակառակորդի կրակակետերը: Ամբողջ «խորամանկությունն» այն է, որ ադրբեջանական կրակակետերը տեղակայված են Հայաստանին սահմանամերձ ադրբեջանական գյուղերի կա՛մ անմիջական հարևանությամբ, կա՛մ էլ հենց գյուղերի տարածքում: Հետևաբար, պատասխան լայնամասշտաբ պատժիչ գործողությունների արդյունքում անխուսափելի կդառնան զոհերը խաղաղ բնակչության շրջանում, ինչն ադրբեջանական կողմին թույլ կտա վայնասուն բարձրացնել՝ հայերին մեղադրելով բարբարոսության համար:
Ի դեպ, հաշվի առնելով անցած տարվա փորձը, երբ ադրբեջանական բանակի կողմից սադրիչ գործողություններից հետո մեկ օրվա ընթացքում Հայաստանի հետ սահմանակից ադրբեջանական գյուղերի բնակիչները խուճապահար փախուստի դիմեցին, այս անգամ Բաքուն զինվորականներին հրահանգել է անցակետերի միջոցով փակել փախուստի ճանապարհները՝ սեփական բնակչության, փաստացի, պահելով պատանդի կարգավիճակում: Այս կերպ՝ փորձ է արվում հայկական կողմին զերծ պահել պատժիչ գործողություններ իրականացնելու գայթակղությունից և, միաժամանակ, հայկական հասարակության մեջ դժգոհության ալիք բարձրացնել՝ կապված բանակի «անգործության» հետ:
«Խորամանկության» երկրորդ սայրն ուղղված է արդեն միջազգային հանրությանը: Տևական ժամանակ սադրանքներ իրականացնելով միջազգայնորեն չճանաչված ԼՂՀ-ի սահմաններին ու հասկանալով, որ այս ռազմավարությունը չի դառնում պատերազմով վերսկսման հնարավորությամբ նույն ԵԱՀԿ Մինսկի խմբին շանտաժի ենթարկելու գործիք, ալիևյան կլանը որոշեց փոխել թիրախը և պատերզամի վերսկմամբ սպառնալ արդեն Հայաստանին: Այս մարտավարության տրամաբանությունն այն է, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի իրավական կարգավիճակների տարբերությունը համանախագահներին կստիպի ավելի լուրջ վերաբերվել նոր պատերազմի հնարավորությանը և միջազգային հանրությունը կփորձի Երևանին համոզել որոշակի զիջումների գնալ: Այսինքն, սա ամենասովորական շանտաժ է, որն իրականացվում է ոչ այնքան սովորական մեթոդով՝ ահաբեկչությամբ:
Թե որքանո՞վ ադեկվատ կլինի «միջազգային հանրությունը», կանխագուշակել բավական դժվար է: Հասկանալի է, որ նոր պատերազմ որևէ մեկին պետք չէ և, հետևաբար, առաջիկայում ամեն ինչ կարվի իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ: Մյուս կողմից, սակայն, կա նման իրավիճակներում կիրառվող գործելակերպի նորմ, որը, ճիշտ է, միջազգային չէ, սակայն բնորոշ է իրեն հարգող ցանկացած պետության համար. ահաբեկիչների հետ չեն բանակցում, նրանց ոչնչացնում են: Իսկ քանի որ «միջազգային հանրություն» կոչվածը մեծամասամբ բաղկացած է ինքնիշխան և այս սկզբունքը պարտադիր կերպով կիրառող սուբյեկտներից, ապա, թերևս, ժամանակն է, որ Հայաստանը նույնպես սկսի հանդես գալ հենց այս դիրքից:
Ասեմ թյուրըմբռնումից խուսափելու համար. Խոսքը ոչ թե Ադրբեջանի, այլ՝ ահաբեկիչների ոչնչացման պահանջ դնելու մասին է: